loading

Սուրբ Հովհաննես Մկրտիչ

21-րդ դար
Սուրբ Հովհաննես Մկրտիչ
ՀՀ, Կոտայք, Աբովյան
2005 թվականին Ծառուկյան ընտանիքն Աբովյան քաղաքում սկսել է Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ սրբերից մեկի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու կառուցումը:

Յուրաքանչյուր բարի գործ ինքն է իր համար ճանապարհ հարթում, առավել ևս երբ կամքդ արդար է, հավատքդ՝ զորավոր, աշխատանքդ՝ աստվածահաճո: Ծառուկյան ընտանիքի կառուցած ամեն մի եկեղեցին կարծես յուրովի սկիզբն էր հաջորդի, որի շարունակությունն ուղղորդում էր Աստված ու կանխորոշում ամեն մեկի խորհուրդը: 2005 թվականին Ծառուկյան ընտանիքն Աբովյան քաղաքում սկսել է Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ սրբերից մեկի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու կառուցումը: Հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թ., որին հաջորդել է 7 երկար ու ձիգ տարիների աշխատանքը: Ծառուկյան ընտանիքի հետ գործին միացել են հարյուրից ավելի քանդակագործներ ու զարդագործ վարպետներ, ճարտարապետներ ու որմնանկարիչներ, շինարարներ ու բանվորներ: Աշխատանքը չէր դադարում ոչ մի օր ու օրվա ոչ մի ժամ: Եկեղեցին զբաղեցրել էր Ծառուկյան ընտանիքի ամբողջ միտքը. ամենօրյա սրտացավություն ու նվիրում, ամեն մի քարի ու քանդակի հետ նոր հույզեր ու ապրումներ: Արդյունքն ապշեցնող էր ու դուրս մարդկային անսահման երևակայությունից: Զբաղեցնելով ավելի քան 10.000 քառակուսի մետր տարածք՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին իշխող դիրք ունի ամբողջ քաղաքի նկատմամբ: Խորհրդանշական է, որ նրա վեհաշուք բարձրությունից հպարտորեն երևում է ճերմակահեր Արարատը՝ իբրև հայ ժողովրդի պատմության լուռ վկա: