Ավելի քան 8 տասնամյակի սպասումից հետո Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի հավատավոր ժողովուրդը ևս իր եկեղեցին ունի: Այն բարերար Գագիկ Ծառուկյանի խոստացած նվերն է համայնքի ավելի քան 10.000 բնակչին: Անսալով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը կարճ ժամանակում համայնքում եկեղեցի կառուցելու խոստում է տվել և 2012-ին մեկնարկած շինարարությունն ավարտվել է մոտ 2,5 տարվա ընթացքում: Համայնքի միակ եկեղեցին, որ կոչվում է Սրբոց Նահատակաց, կառուցվել է ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի: Խորհրդանշանական է, որ նրա բացումը համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եկեղեցու ճարտարապետական լուծումները հարազատ են հայ միջնադարյան եկեղեցաշինության ավանդույթներին: Զարդանախշերն ու քանդակները խորհրդանշում են Հայոց մեծ եղեռնը: Եկեղեցու նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է: