Ամեն մի եկեղեցու կառուցումից հետո թվում էր՝ այն վերջինն է լինելու, սակայն ամեն վերջ դառնում էր սկիզբը նորի: Թերևս Ծառուկյան ընտանիքն իր առաքելությունն ամբողջությամբ կյանքի չէր կոչի, եթե կառուցած եկեղեցիների կողքին չավելացներ ևս մեկը՝ 7-րդը: Իսկ այն կառուցվելու էր Նոր Հաճնում ու կառուցվելու էր հաճնցիների խնդրանքով: 2010 թվականին քաղաքի հիմնադրման տոնի ժամանակ, լսելով եկեղեցի ունենալու բնակիչների վաղեմի ցանկությունը, Գագիկ Ծառուկյանը խոստանում է իրականացնել այն: Հենց նույն տարում զարկ է տրվում եկեղեցու շինարարությանն ու որոշվում այն կառուցել Հաճնի՝ հերոսամարտում զոհված հայորդների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Գրեթե 5 տարի է պահանջվել, որպեսզի կառույցը ստանա իր ամբողջական տեսքը: Նոր Հաճնի սրտում վեր հառնող 7-րդ եկեղեցին, որն առանձնահատուկ խորհուրդ է ամփոփում իր մեջ, ստացել է Սուրբ Ամենափրկիչ անունը: Ծառուկյան ընտանիքն այն կառուցել է որպես երախտագիտություն Բարձրյալին: