Սուրբ Մարիամ Աստվածածինը հարազատ ծննդավայրում կառուցած առաջին եկեղեցին էր, բայց ոչ վերջինը: Դրա ավարտից անմիջապես հետո Ծառուկյան ընտանիքը նախաձեռնել է Առինջում գտնվող մեկ այլ՝ կրկին Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցու վերակառուցումը, որը դարերի ընթացքում վերածվել էր ավերակների: Նրա տարեգրության մասին վկայող հստակ փաստեր չկան, քանի որ ոչ մի արձանագրություն պահպանված չէ: Սակայն, ըստ եկեղեցու ճարտարապետ Սամվել Ստեփանյանի, կառույցի հորինվածքը թույլ է տալիս ենթադրել, որ այն 9-10-րդ դարերի շինություն է: Ճարտարապետը պատմում է, որ եկեղեցու փլատակների մաքրման ընթացքում հայտնաբերվել է առյուծի գլուխ պատկերող քանդակ, որը հիշեցնում է Բագրատունիների՝ առյուծի տեսքով հնագույն զինանշանը: Այս փաստը չի բացառում, որ եկեղեցին կարող է կառուցված լինել հենց նրանց թագավորության օրոք:
Խոնարհված եկեղեցուն զուգահեռ Ծառուկյան ընտանիքը վերականգնում է նաև նրան շրջապատող ամրոցի պարիսպը, որի հետքերը տանում են դեպի ավելի վաղ շրջաններ: