Բարեգործական հիմնադրամը գործունեության առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գործունեության առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին: Հաջողությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերից մեկը հանրապետության ամբողջ տարածքում տարիներ շարունակ անցկացված անվճար առողջապահական ակցիան է: Քաղաքամայր Երևանում և Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմնադրամի աջակցությամբ տևական ժամանակ հնարավորություն են ունեցել վերականգնելու ամենաթանկը՝ առողջությունը:
Անվճար բուժզննումից մինչև խորհրդատվություն և ոչ միայն. առողջական առավել լուրջ խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ ուղեգրվել են քաղաքամայր Երևան, որտեղ Էրեբունի բժշկական կենտրոնի լավագույն մասնագետների օգնությամբ կարողացել են լիարժեք բուժում ստանալ, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև անվճար վիրահատվել: Հիմնադրամի ուշադրությունից չեն վրիպել նաև քաղաքամայր Երևանի բնակիչները:
Տարիներ շարունակ անվճար առողջապահական ակցիա է անցկացվել քաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, որոնց գերակշիռ մասը հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողացել է վերականգնել կորցրած առողջությունը: Ինչպես հանրապետության բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում տեսողական խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ մի քանի տարի շարունակ համապատասխան ախտորոշում ստանալուց հետո անվճար օպտիկական ակնոցներ են ստացել:
Կովիդ 19
2020 թվականն իր հետ բերեց նոր՝ այս անգամ առողջապահական մարտահրավերներ, որոնց հաղթահարմանը միտված բարեգործական բազմաթիվ քայլեր ձեռնարկեց Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Երբ Կովիդ 19-ի առաջին դեպքերն էին հաստավել մեր երկրում, Գ.Ծառուկյանը 60 մլն դրամ հատկացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար: 35 միլիոն դրամ փոխանցվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդների ապաքինման համար, ևս 10 միլիոն դրամ տրվեց այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողներին՝ որպես պարգևատրում: Բացի այդ՝ 10 միլիոն դրամ հատկացվեց Գյումրիում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, ևս 5 միլիոն դրամ որպես պարգևատրում ստացան Գյումրիի բուժաշխատողները:
Կարանտինի և երկրում հայտարարված սահմանափակումների ամբողջ ընթացքում՝ մի քանի ամիս շարունակ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվեցին սոցիալական աջակցության խոշորամասշտաբ ծրագրեր, որոնց շահառու դարձան Հայաստանի 100 հազարավոր շարքային քաղաքացիները: Քաղաքամայր Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև հանրապետության ամենահեռավոր և սահմանամերձ բնակավայրերում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը առաջին անհրաժեշտության սննդամթերք էր հատկացնում կարիքավոր ընտանիքներին, միայնակ ծերերին, հաշմանդամներին, ազատամարտիկներին, խոցելի խմբերի ներկայացուցիչներին: Արտակարգ դրությամբ պայմանավորված հանրապետությունում պարարտանյութի դեֆիցիտ էր առաջացել, ինչն էլ հողագործներին կանգնեցրել էր փաստի առաջ: Գագիկ Ծառուկյան հիմնադրամը մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ հատկացրեց հանրապետության տարբեր համայնքների գյուղացիներին՝ հերթական անգամ օգնելով նրանց լուծել կենսական անհրաժեշտության խնդիրները: Սոցիալական աջակցության ծրագրերից զատ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզում ամենօրյա ռեժիմով շարունակվում էին վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Հիմնադրամի աշխատակիցները որակյալ նյութերով մանրակրկիտ ախտահանում էին փողոցները, կանգառները, բանկոմատները, խանութների, մամուլի կրպակների ու դեղատների մուտքերն ու հարակից տարածքները՝ այդկերպ կանխարգելելով համավարակի տարածումը: