«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին և ստեղծման առաջին իսկ օրվանից իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Հիմնադրամը գործունեության 15 տարիների ընթացքում լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր է իրականացրել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում: Հատկապես Հայաստանի սահմանամերձ շրջանների հանդեպ աջակցությունը հիմնադրամի համար մշտապես եղել է առաջնահերթ, իսկ այնտեղ առկա բազմաթիվ խնդիրների լուծումը՝ ժամանակի հրամայական. Օր.՝ գնդակոծությունների հետևանքով վնասված բազմաթիվ տների նորոգում ու տանիքածածկում, ջրատար խողովակների տեղադրում, գյուղտեխնիկայի նվիրատվություն սահմանամերձ բոլոր համայնքներին և ոչ միայն: 2012 թվականի հունիսին Տավուշի մարզի սահմանապահ բոլոր գյուղերում անցկացված անվճար առողջապահական ակցիան ամենասպասվածներից էր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքների հարյուրավոր բնակիչներ օրեր շարունակ ոչ միայն հետազոտվելու և բուժզննում անցնելու հնարավորություն ստացան, այլև ուղեգրվեցին մայրաքաղաք անվճար բուժում ստանալու և վիրահատվելու նպատակով: Հիմնադրամի ուշադրությունից անմասն չեն մնացել նաև հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաները: Կարևոր համարելով հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաների համար՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ գրենական պիտույքներ ու մարզական զանազան պարագաներ է նվիրաբերել սահմանամերձ համայնքների դպրոցներին ու մանկապարտեզներին:
- Սոցիալապես անապահով ընտանիքներ, հասարակության խոցելի խմբեր
Գործունեության 15 տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հետևողական աջակցություն է ցուցաբերում հանրության ամենատարբեր շերտերին՝ իր ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին` տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք:
Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել նրանցից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր: Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայրենական Մեծ պատերազմի բազմաթիվ վետերաններ հիմնադրամի կողմից թոշակների են արժանանում: Հիմնադրամի օգնությամբ լուծում են գտնում նաև մեր երկրի սոցիալապես անապահով ընտանիքերին մտահոգող բազմաթիվ հրատապ խնդիրներ: Իսկ հիմնադրամի միջոցներով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող բարեգործական անվճար երթուղին արդեն շուրջ 15 տարի հնարավորություն է ընձեռում մարզի հազարավոր բնակիչներին անվճար հասնելու քաղաքամայր Երևան: