«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում նաև մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը:
Տևական ժամանակ է, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում:
Խոշորագույններից մեկը մեքենատրակտորային կայանների ստեղծումն էր հանրապետության 10-ը մարզերում: Մեկնարկը տրվեց 2012 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, այցելելով Վանաձորի ՉԻՆՎԱՆ գործարան, հայտարարեց, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ հնարավոր ամենասեղմ ժամկետներում հանրապետության բոլոր մարզերը կունենան ժամանակակից սարքավորումներով համալրված մեքենատրակտորային կայաններ, որոնք հավասարապես կծառայեն մեր ազգաբնակչությանը:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից կարճ ժամանակ հետո Սովետական միության ժամանակաշրջանից մնացած հնամաշ տեխնիկային փոխարինեցին ժամանակակից ու բարձրորակ հարյուրավոր տրակտորներ ու գյուղսարքավորումներ, որոնք, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, կիրառվող գների մինչև 50 տոկոսի չափով ծառայում են բոլոր գյուղացիներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Հիմնադրամը տարիներ շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նաև Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործներին: Յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին:
Ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝ հիմնադրամը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդլայնելով գյուղատնտեսության ոլորտին ուղղվող աջակցությունը, վերջին մի քանի տարիներին զգալի միջոցներ է հատկացրել հանրապետության երկու տասնյակից ավելի համայնքներում հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով: 2013 թվականի գարնանը, երբ անսպասելիորեն տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ հասցրեց Արմավիրի մարզում, Գագիկ Ծառուկյանն առաջինն էր, ով շտապեց հանդիպել կարկուտից տուժած գյուղացիներին և հայտարարեց, որ ինքնարժեքով հատկացված ավելի քան 200 միլիոն դրամի արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարը խաղողագործներն այլևս ստիպված չեն լինելու վճարել:
Դրան զուգահեռ Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց նաև ամենասեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ տեղադրել Արմավիրի մարզի՝ առավել մեծ վնասներ կրած Հացիկ, Բամբակաշատ, Նոր Արտագերս,Արմավիր և Մրգաշատ գյուղերում: Հանձնարարությունը կյանքի կոչվեց սպասվածից էլ շուտ. 2 շաբաթ անց նշված բոլոր համանքներում հակակարկտային կայաններ տեղադրվեցին, որոնց գործարկման արարողությանը մասնակցեց նաև Գագիկ Ծառուկյանը:
Մշտապես ուշադրության առանցքում պահելով գյուղացուն մտահոգող խնդիրները՝ հիմնադրամը, ընդառաջ գնալով բազմաթիվ բնակիչների խնդրանքներին, տևական ժամանակ մեծ քանակությամբ կարտոֆիլի և ցորենի սերմացու, ինչպես նաև տուկի թել է տրամադրել հանրապետության տարբեր համայնքներում բնակվող հազարավոր գյուղացիների՝ կիսելով նրանց դժվարին հոգսն ու հնարավորություն ընձեռելով վաստակելու տարվա ապրուստը: